Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով Հայնարպետությունում ՀԴՄ-ներով եւ հաշվարկային փաստթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին օրերին դեռեւս կովիդի ազդեցությունները չկային, որովհետեւ ՀՀ-ում դեռ կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020-ի փետրվարը շատ լուրջ աճ արձանագրել 2019-ի փետրվարի նկատմամբ:

ԷԹականորեն աճել են նաեւ արտահանման եւ ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրում: Այստեղից հետեւությունն այն է, որ տնտեսությունը  կարծես թե մտնում է վերականգնման փուլ, եւ իհարկե, սա շատ կարեւոր նորություն է»,-ընդգծեց նա:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հստակեցրեց, որ աշպրանքաշրջանառության 31,4 մլրդ դրամի աճը վերաբերում է հիմնականում երեք ոլորտի՝ մանրածախ սպառման ոլորտ, արտադրություն եւ ծառայությունների մատուցում. «Իսկ 604 հազարով ավելի գործարքները վերաբերում են այդ ոլորտներին»:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց. «Պետք է ուշադիր լինենք սպառման աճին, որովհետեւ օրինակ, բազմաթիվ հարսանիքներ հետաձգված են եղել, ու հիմա կուտակված պարտքերն են մարվում: Պետք է շարունակենք աջակցությունը, որը հատկացնում ենք տնտեսությանը, մինչեւ համոզված լինենք, որ կայուն վիճակում ենք գտնվում»: