Պարոն Խաչատրյան, Ստեփանակերտում տեղի ունեցած ակցիայի ժամանակ պահանջել են Հայաստանի հետ միացում։ Հայաստանի կողմից կարծես քայլեր չկան։ Ի՞նչ է կատարվում։

Երևի Արցախում արդեն այդ միտքը հասունացել է, որ 1991 թվականից մենք սխալ ճանապարհով ենք գնացել՝ Արցախի կարգավիճակի հարցը թողնելով արտաքին աշխարհի լուծմանը։ Եվ տաբեր մանիպուլյացիաների առիթ ենք տվել մեր նկատմամբ։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե նման պահանջ բարձրացրած այդ երիտասարդները որ խմբավորումների հետ կապ ունեն, բայց 1989 թվականի հոկտեմբեր ամսից՝ նույնիսկ դեկտեմբերի 1-ի որոշումն ընդունելուց առաջ, ինչ-որ աներևույթ ուժ կարծես արգելք դրած լիներ «միացում» բառի վրա։

Այսինքն՝ այդ տարբերակը ոչ մի տեղ չէր քննարկվում, և երբ դեկտեմբերի 1-ին այդ միջոցառումը եղավ, այնտեղ էլ կարծես մեկ ուրիշ աներևույթ ուժ էր աշխատում, որովհետև շարժման ղեկավարության կողմից այդ պահանջը հստակ չէր արտահայտվում։ Այդ որոշման հասարակական պահանջն արդեն գիտակցված չէր։

Հետագայում անկախության հռչակագրի մեջ դժվարությամբ մեզ հաջողվեց այդ կետը արտացոլել։ Այսինքն՝ որպեսզի ենթադրություններ չանեմ, պետք է ասեմ, որ արտաքինից եկող մի տաբու էր դրված՝ Հայաստանի ու Արցախի վերամիավորման գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու հարցում։ Եվ մինչև հիմա էլ գործում է այդ տաբուն, որովհետև երբ նույնիսկ ընդդիմադիր դաշինքների կազմում ենք մենք եղել, էլի չենք կարողացել այն ժամանակվա տեղեկացված մարդկանցից մի պատասխան ստանալ, թե որն է այդ տարբերակի թերությունը, որ լուրջ քննարկման չի դրվում։

Ինչ վերաբերում է հարցին, որ Հայաստանում այդ պահանջը չկա, այդպես չէ, որ լրիվ չկա։ Այստեղ կան և խմբավորումներ, և անհատներ, ովքեր այդ պահանջով հանդես են գալիս։ Բայց պետք է ասել, որ դա գերակշիռ մաս չէ, զանգվածային բնույթ չի ստանում։

Իշխանության կողմից է պասիվությունը հատկապես, քայլեր չկան։ Դուք ավելի վաղ ասել էիք, որ Հայաստանի Ազգային ժողովը պետք է վերահաստատի 1989 թվականի որոշումը, ըստ որի՝ Արցախը ճանաչվել էր Հայաստանի կազմում։

Ես պատերազմի օրերին, պատկերավոր ասած, ներխուժել եմ Ազգային ժողով և առաջարկել, որ այդ հարցը նախ դռնփակ քննարկվի, հետո նման որոշում ընդունվի։ Բայց էլի զրո արձագանք։ Ոչ թե այնպես է, որ մարդիկ համոզված դիրքորոշում են հայտնում, այլ թեմաներ են լինում, որ ասում են՝ «շառից հեռու, այդ մասին չխոսենք»։ Այդ թեմայով նույնիսկ չեն խոսում, ասում են՝ խորը չենք ուսումնասիրել, ռիսկերը չենք գնահատել, ռիսկերը միայն պետականորեն է հնարավոր գնահատել։ Բայց ես որևէ տեղեկություն չեմ կարողանում ստանալ, թե դռնփակ, ամենագաղտնի նիստերում նման քննարկում լինո՞ւմ է, ռիսկերը գնահատում են, թե չէ։

Այնպես որ, դա մեր պետության ու ժողովրդի երևի ամենամեծ գաղտնիքն է, որը կիմանանք այն ժամանակ, երբ արդեն Արցախը Հայաստանի հետ վերամիավորված կլինի։ Հույս չունեմ, որ մեղավորները կհայտնաբերվեն, պատասխանատվության կենթարկվեն, բայց գոնե կիմանանք, որ այդ չար աչքը հեռացավ մեր երկրի վրայից։

Հայկական կողմը ներկա փուլում կարծես շեշտադրումը դնում է Արցախի կարգավիճակի ճանաչման, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու վրա։ Այսինքն՝ կարևորվում է այն հարցը, որ Արցախը ճանաչվի տարբեր երկրների կողմից։ Դուք ի՞նչ զարգացումներ ու հնարավորություններ եք տեսնում։

 

Խնդիրն այն է, որ շարքային քաղաքացին, ով քաղաքականապես խորը չի ծանոթացել հարցին․․․ նույնիսկ պրոֆեսիոնալ իրավաբաններ կան, որ այդ տարբերությունը չեն զգում, ասում են՝ Արցախի ինքնորոշում, ինքնորոշման ճանաչում է պահանջվում աշխարհի կողմից և այն։ Բայց ուրիշի կողմից ճանաչելու գործընթացը լուրջ չեն համեմատում ու տարբերությունը չեն զգում Հայաստանի կողմից այդ կարգավիճակը շեշտելու գործընթացի հետ։

Իսկ այդ երկու գործընթացների միջև կան և իրավաքաղաքական խորը տարբերություններ՝ հատկապես միջազգային իրավունքի տեսակետից, և կան պրոտոկոլային տարբերություններ։ Եթե Հայաստանն այն ժամանակ ճանաչել էր և այդ ուղղությամբ էր տանում քարոզչությունը կամ միջազգային հանրությունից պահանջը, կամ հիմա է ճանաչում ու այդ ուղղությամբ է տանում, արտաքին աշխարհին երկու բան է մնում՝ կամ ճանաչել, կամ ուղղակի լռել։ Իսկ հակառակորդների թիվն այդ հարցադրման դեպքում շատ մեծ չէ՝ Թուրքիա, Ադրբեջան և մի երկու այլ պետություն, որոնք այնուամենայնիվ միջազգային իրավունքը հաշվի առնելով՝ պետք է հակափաստարկներ չբերեն։

Այսինքն՝ դա դառնում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի միջանցքներում քննրակվող կամ մեզ համար ցանկալի է՝ դահլիճներում քննարկվող հարց, ոչ թե ռազմի դաշտում՝ մեր պատմական տարածքների վրա։ Այսինքն՝ շարքային մարդիկ այդ տարբերությունը գոնե պետք է հասկացած լինեն, բայց դրան էլ հակափաստարկ են բերում, որ դա ագրեսիա է Հայաստանի կողմից և հղի է պատերազմական գործողությունները վերսկսելու վտանգով։ Ես էլ չեմ պնդում, որ ռիսկեր չկան, բայց այդ ռիսկերը հնարավոր է գնահատել միայն պետականորեն։ Իմ պնդումն այն է, որ պետք է այդ հարցը պետականորեն քննարկվի, պետական կառույցների կողմից որոշում լինի։ Մարդկանց պետք է մի հասկանալի բացատրություն տրվի, թե ինչու միջազգային իրավունքին լրիվ համապատասխանող տարբերակը այս պահին, երբ արդեն բանը բանից անցել է, էլի մնում է վտանգավոր։

Ինչ վերաբերում է միջազգային գործընթացին, որ սկսվել է, մասնավորապես, Ֆրանսիայի Սենատի կողմից, հիմա ասում են՝ ԱՄՆ-ն էլ ազատվեց իր ներքին հոգսերից և կզբաղվի այդ հարցով, դա հենց այն հիմնական թերությունն է, որն ունի Արցախի անկախությունը ճանաչելու տարբերակը։ Տարբերակները շատ են, բայց մեկն ասեմ՝ այս կոնկրետ գործընթացներից Ռուսաստանը արգումանետներ է ունեցել, շուտ է մտցրել իր խաղաղապահ ուժերը։ Արևմուտքը հետ է մնացել, իրենք ուզում են իրենց դիրքերը վերականգնել՝ Արցախյան հակամարտության կարգավորման անվան տակ տարծաշրջանում որոշակի նպաստավոր դիրքեր ունենալու համար։ Բայց դա կհանգեցնի՞ Արցախի անկախության լիարժեք ճանաչման։ Լիարժեք ճանաչումը լինում է ՄԱԿ-ի անդամ ընդունվելու պահին։ 1990 թվականի օգոստոսի 23-ին մենք հռչակեցինք, 1991 թվականի հոկտեմբերին հանրաքվե անցկացրեցինք, 1992 թվականի հունիսին նոր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դրական եզրակացություն է տվել Հայաստանը որպես անկախ պետություն ճանաչելու համար։ Եվ 1992 հոկտեմբերին Հայաստանն ընդունվել է ՄԱԿ-ի անդամ։ Այսինքն՝ երկար գործընթաց է, որն ըստ էության մեզնից շատ քիչ էր կախված։

Մարդիկ առանց խորանալու ստատուս-քվոն վերագրում են Հայաստանի իշխանություններին ու մեղադրում։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն է ստատուս-քվո հայտարարել, ամեն մեկը կանգնում է իր տեղում, մինչև հարցի խաղաղ կարգավորումը։ Այս ժամանակ հայկական կողմը պետք է հիմնավորեր, որ և ԼՂԻՄ-ը, և ազատագրված տարածքները հայ ժողովրդի ազգային պատմական տարածքներն են, թե ինչի համար ենք մենք այնտեղ համատեղ հայ ժողովրդի երկու հատվածներով վերականգնել մեր անկախ պետականությունը։ Իսկ ադրբեջանական կողմը ինչպես ասել է, մինչև հիմա էլ ասում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։

Մենք, ունենալով ավելի ուժեղ հակափաստարկներ, իրավաքաղաքական դաշտում, այդ բանը չենք արել։ Եվ մինչև հիմա էլ ասում ենք՝ ուզում ենք Արցախը ճանաչվի։ Ես հակված չեմ  հալած յուղի տեղ ընդունել ոչ Ռուսաստանին, ոչ Ֆրանսիային էլ, ոչ այլ երկրի։ Իրենք անում են այն հայտարարությունները, որոնք հարմար են գտնում։ Բայց նույն Ֆրանսիայից էլ, Ռուսաստանից էլ մեր աչքն են մտցնում, որ մենք ինքներս չենք ճանաչում Արցախի անկախությունը, բայց ուրիշներից ենք պահանջում։ Այսինքն՝ դիվանագիտական տարբեր մեղադրանքներ են ներկայացվում մեզ, որ Արցախի կարգավիճակը ճիշտ չենք հետապնդում։ Բայց ոչ մի ապացույց էլ չենք կարող բերել, որ մեր ներքին չակերտավոր քաղաքական ուժերին դրսից են համոզել, որ այդ տարբերակը պետք չէ արծարծել։ Բազմաթիվ տարբերակներ կան, թե դա դավադրության մաս է կազմում, անձնական խնդիրներ է լուծում։ Հիմա բացեիբաց խոսում են իշխանությունների և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև այլ տիպի հարաբերությունների մասին։ Դրանք չապացուցվող ենթադրություններ են։

1989 թվականի որոշման մեջ սահմանների վերաբերյալ ոչ մի խոսք չկա։ Այնտեղ Լեռնային Ղարաբաղն է օգտագործված, որի մեջ նույնիսկ կարող էր մտնել ոչ միայն Ղարաբաղը՝ ԼՂԻՄ սահմաններով, այլ այն, ինչ կկարողանայինք ապացուցել, որ պատմականորեն ազգային պետական տարածքներ են հայ ժողովրդի համար։ Դրան էլ են հակափաստարկ բերում մարդիկ՝ առանց ծանոթանալու դեկտեմբերի 1-ի որոշման բովանդակության հետ։ Այդտեղ ԼՂԻՄ ու ՀԽՍՀ բառերն ընդամենը որպես որոշում կայացնող մարմինների անվան մի բաղադրիչ են նշված։ Իսկ սկզբունքային որոշումը՝ Լեռնային Ղարաբաղը հայտարարում են Հայաստանին վերամիավորված։ Այսինքն՝ այդ հիմնարար որոշումն իրեն վերագրվող ոչ մի թերություն ըստ էության չունի, բայց մենք թողել ենք մի կողմ, ինչպես անտեր մի որոշում, որը լավագույն դեպքում ասում են՝ պատմական արժեք է ներկայացնում իրենից։