Մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ և կիսանախագահական համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի։ Այս մասին այսօր՝  մարտի 1–ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրականում պետք է ի վերջո խոստովանել, որ 2015 թվականի Սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ։ Մենք այսօր էլ տեսնում ենք, որ այս Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում։ Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և կիսանախագահական համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի։ Այս գործընթացը մենք պիտի իրականացնենք Ազգային ժողովի, Կառավարության, Հանրապետության նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններով։ Մինչ դա կան հոդվածներ մեր Սահմանադրության մեջ, որոնց փոփոխումը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե, և դա կարելի է փոխել Ազգային ժողովում տեղի ունենալիք քվեարկության միջոցով։