Այսօր 180 ծնող սպասում են պատերազմին մասնակցած իրենց որդիների մասունքների նույնականացման գործընթացի վերաբերյալ պատասխանին։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք արդեն չունենք փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն փորձաքննվել։ Ցավոք սրտի, կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են, և դրանցից ԴՆԹ անջատելն ու փորձաքննություն անցկացնելը բավական բարդ գործընթաց է։ Եվ մենք կապի մեջ ենք նաև  միջազգային բարձրակարգ ինստիտուտների փորձագետների հետ, հիմա աշխատում ենք այդ շատ բարդ փորձաքննությունների վրա։ Տեսնենք՝ ինչ արդյունք կունենանք։ Կունենանք մի փոքր թիվ, որը չենք կարողանա անջատել, դա անկախ մեր կամքից։ Կան մասունքներ, որոնք այնքան վանսված են, որ անգամ այլ երկրներում էլ չի հաջողվի դրանց փորձաքննությունն անցկացնելը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

 

 

Ըստ նախարարի՝ ԴՆԹ սարքերի խնդիր Հայաստանը չունի, երկու սարքերն էլ 24 ժամ աշխատում են։ Նախարարը դժվարացավ ասել, թե գործընթացը երբ կավարտվի։ «Ներկայում ունենք փոքրաթիվ այդ փորձանմուշները, որոնց հետ շատ բարդ է աշխատելը։ Դրանք փորձանմուշներ են, չշփոթեք դիերի հետ՝ մոտ 210-ն են»,- հավելեց նա։

Ավանեսյանը նշեց, որ փորձաքննության արդյունքներով 2200-ից ավելի մարմին արդեն ճանաչվել է։