Մարտի 10-ին Վայքի ծննդատանը ծննդաբերությունից 15 րոպե հետո նորածնի մահվան նախնական վարկածը ներարգանդային ինֆեկցիան է։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի ղեկավար Ռոբերտ Ասլանյանը։

Բուժմիավորման տնօրենն ասաց, որ նշանակվել է փորձաքննություն. «Ես դեռ չգիտեմ՝ ինչ ասել։ Փորձաքննություն է, որպեսզի պարզեն, թե ինչու է մահացել երեխան։ Նախնական վարկածով՝ կարող ենք ասել, որ պտղաջրերը քիչ ու պղտոր են եղել։ Այսինքն՝ հնարավոր է ներարգանդային ինֆեկցիա տեղի ունեցած լինի։ Այլ բան չեմ կարող ասել այս պահին»։

Ռոբերտ Ասլանյանն ասաց, որ այս պահին ծննդկանի առողջական վիճակը նորմալ է։

 

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ 25-ամյա Հասմիկ Ղ․-ն Վայքի բուժմիավորում-ծննդատանը ծննդաբերել է, եւ ժամը 03։25-ին նորածինը մահացել է։