Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից 20-ամյա Էրիկը, առողջական խնդիրներն անտեսելով, փորձում է կրկին ապրելու ուժ գտնել: Տղային այս հարցում օգնում են ընկերներն ու հարազատները: Էրիկի մեկ ոտքն անդամահատված է, մյուսը՝ կոտրվածքներով: Նա տարել է մի շարք վիրահատություններ, բայց պատրաստվում է մարզվել ու շարունակել բռնցքամարտիկի կարիերան:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելուն պես, Էրիկ Եղյանը կանչվել է զինվորական կոմիսարիատ՝ որպես պահեստազորային, եւ սեպտեմբերի 30-ին մեկնել ռազմաճակատ: Հոկտեմբերի 8-ին վիրավորվել է ԱԹՍ-ի հարվածից Մարտունի 2-ի հատվածում: Հոկտեմբերի 9-ին 20-ամյա զինվորականին քույրն է գտել «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ այրվածքներով ու ծանր վիրավոր:

Էրիկը պատմել է, որ շատ լուրջ մարտական գործողության են պատրաստվել, խրամատներ են փորել, որպեսզի սկսեն իրենց գործողությունը, բայց… «Ինչ-որ մի նեքին ձայն եղբորս կարծես հուշել է, որ սկսի երկրորդ խրամատը փորել, սկսել է փորել, մի քիչ ավելի ուշ ԱԹՍ-ը գնացել է սկզբի փորած խրամատի ուղղությամբ: Հարվածից Էրիկն ընկել է, մեկ ոտքը կորցրել ու տարբեր վնասվածքներ ստացել»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց նրա քույրը՝ Նոննան:

Էրիկը կրակների մեջ է եղել ու վառվել է, նա տեսել է, թե ինչպես են վառվում անշնչացած ընկերների մարմինները: Թիկունքից օգնության հասած ջոկատի տղաներն են քաշել ու կրակների միջից Էրիկին հանել: «Եղբորս քաշելով հեռացրել են, ու արկերը սկսել են տրաքել: 5 րոպեի տարբերությամբ է Էրիկը փրկվել: Եթե սուրճ ենք խմում իր ներկայությամբ, դրանից շատ վատ է զգում, ասում է՝ տաք սուրճն ասոցացնում է ընկերների վառվող մարմինների հետ»,- պատմեց Նոննան:

 

 

20-ամյա տղան նաեւ լսողության հետ կապված եւ առողջական մի շարք այլ խնդիրներ ունի: «Թոքերի հետ կապված խնդիր ուներ, բայց հիմա արդեն վերականգնվել է փոքր-ինչ, մարմինը բեկորներով է պատված: Աջ ոտքն անդամահատվել է, ձախ ոտքը՝ ջարդվել ու վնասվել: Ականջի թմբկաթաղանթի վիրահատությունը եղբորս մոտ ոչ մի դրական փոփոխություն չի տվել: Այդ ականջը լավ չի լսում, ասում է՝ միայն խշշոց է: 1.5 ամիս է անցել, երկու շաբաթ ժամանակ էին տվել, ասել, որ լիովին կվերականգնվի, բայց ամեն ինչ ավելի է վատացել»,- պատմեց Նոննան:

Վերջինս մտահոգություն հայտնեց, որ աղմուկից Էրիկն ավելի է լարվում ու սթրեսի ենթարկվում: Այժմ նա ամենաշատը նեղվում է լսողական խնդիրներից: Էրիկի մեկ ականջն է լսում, այն էլ՝ վատ, իսկ վիրահատած ականջն ընդհարապես չի լսում: «Մենք իր հետ գոռալով ենք խոսում: Նեղվում է, սենյակում փակվում ու հոգեբանական ծանր վիճակում է: Անընդհատ ընկերներին է երազում տեսնում, իրեն մեղավոր է զգում, որ նրանք մահացել են, իսկ ինքը ողջ է»,- ասաց քույրը:

Նոննայի խոսքով՝ Էրկիը Հանրապետական վերականգնողական կենտրոն է գնացել, սակայն դա տղային չի օգնել հաղթահարել ապրումների հետեւանքով առաջացած հոգեբանական ծանր վիճակը: Իրենք փորձում են ամեն կերպ օգնել, զբաղեցնել նրան, բայց դա ոչ միշտ է հաջողվում:

Էրիկ Եղյանին դեռ հաշմանդամության կարգ չեն տվել, բայց մարտի 16-ից հաճախում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերականգնողկան կենտրոն:

Որդու վիրավորվելու մասին լուրը լսելուն պես Էրիկի ծնողները Արցախից տեղափոխվել են Երեւան: Ծնողներն ուզում են, որ Էրկիը վերականգնողական կենտրոնում մնա, կարծում են՝ դա տղային կօգնի:

Բայց Էրկիը որոշել է չմնալ, քանի որ հաճախում է մարզասրահ: Քրոջ խոսքով՝ շուտով մրցումների պիտի գնա: «Ինքը բոքսով եւ MMA-ով է զբաղվել, կյանքի հետագա պլանները միայն դրանց հետ էր կապում։ Պատերազմը իր ապրելու թելը կտրեց, զինակից ընկերները ուզում են հետ բերել էդ ճանապարհով։ Սարգիս Ստեփանյանի հետ պարապում են մրցումների համար»,- ասաց Էրկի քույրը: Ի դեպ, խոսքն այն Սարգսի մասին է, որը նույնպես զինվորական է եւ ծառայության ընթացքում զրկվել է երկու ոտքից ու մեկ ձեռքից, բայց շարունակում է ակտիվ կյանք վարել, մարզական ոլորտում ունենալ բավական լուրջ հաջողություններ:

Էրիկն առաջիկայում կպրոթեզավորվի, հետագայում արդեն ականջների բուժմամբ կզբաղվի: Նրանց ասել են, որ Հայաստանում այդ բուժումը հնարավոր է: Բայց ընտանիքն ունի ֆինանասական աջակցության կարիք: Եղյանները Արցախի Ասկերան քաղաքից են, այժմ Երեւանում ապրում են վարձով: Էրիկը խնամքի կարիք ունի, ծնողները չեն աշխատում, մայրը պետությունից միանվագ աջակցություն է ստացել, սակայն դա բավարար չէ ապրելու համար: