«Ականավոր հայամետ փորձագետ» Տարասովը, ով մասնակից է Հայաստանի ուղղությամբ Կրեմլի մշակումներին, հերթական աղմկոտ խոստովանությունն է արել, այն բանից հետո, երբ իր հոդվածներից մեկում գրեց, որ հայերի ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքերի առաջնորդները Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալ էին։ Այս անգամ նա խոստովանել է, որ 44-օրյա պատերազմում այսպես կոչված «Ադրբեջանի» հաղթանակը կերտել է Ռուսաստանը։

Առիթը Բաքվի ԱԳ փոխնախարարի հայտարարությունն էր, ըստ որի՝ ռուս խաղաղապահները Արցախում ժամանակավոր են։ News.am-ին տված մեկնաբանության մեջ Տարասովը հիշել է Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերը, երբ «Ադրբեջան» գոյություն չուներ, իսկ Ղարաբաղը 1813-ից ՌԴ մասն էր, եւ որ կարող են ընդհանրապես դնել «Ադրբեջանի» գոյության հարցը։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ալիեւի հաղթանակը կարող էր չլինել, քանի որ Ռուսաստանը կարող էր Գյումրիում ռազմական ստորաբաժանումները Ղարաբաղի օրինական եւ աշխարհագրական սահմաններին տեղակայել եւ հայտարարել ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին, որպեսզի կանխի ուժային սցենարը եւ կողմերին մղի խաղաղ բանակցությունների։ Մոսկվան Բաքվին նվիրեց մի քանի կարեւոր նյուանսներ, որոնք հանգեցրին հաղթանակի ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Ռուսաստանը կարող էր ամբողջությամբ մերժել Անկարայի միջնորդությունը, բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանը գնաց դրան։ Այստեղից հայտնվեց խաղաղապահների գործոնը 5 տարով։ Նրանք պետք է երախտապարտ լինեն իրենց ստացածի համար եւ շատ զգույշ վերաբերվեն ռուս խաղաղապահների հարցին», ասել է Տարասովը։

Նա իհարկե առաջինը չէ, որ նմանօրինակ խոստովանություններ է արել։ Ըստ էության, նոյեմբերի 9-ից ի վեր ՌԴ առաջին դեմքերը հայերին բավական մատչելի բացատրել են տեղի ունեցածը, զուգահեռ Հայաստանում ռուսանպաստ քաղաքական խմբերի ու մամուլի միջոցով գեներացնելով նողկալի քարոզչություն՝ իրենց քաղաքականությունն արդարացնելու համար։ Իսկ Հայաստանում դրածո գավառական իշխանությունը տեղով մեկ ալիբի էր ռուսների համար։

Տարասովի մեկնաբանությունն արժեքավոր է մեկ այլ տեսանկյունից։ Եթե նախկինում նա վստահ պնդում էր, թե Ռուսաստանն Ուկրաինայում հաղթելուց հետո լրջորեն զբաղվելու է Կովկասով, հիմա այդ համոզվածությունն այլեւս նկատելի չէ։ Տվյալ դեպքում էլ նա «սպառնում» է, որ Ռուսաստանը հանկարծ կարող է արթնանալ ու իր իրավունքները պնդել Անդրկովկասում։ Ըստ այդմ, նա Բաքվին խորհուրդ է տալիս խաղեր չխաղալ, որպեսզի չկորցնի իր «հաղթանակը»։ Քիչ-ինչ ընդհանրացնենք ականավոր փորձագետի խոսքը՝ ռուս խաղաղապահները Բաքվի ձեռքբերումների երաշխավորն են, որոնք այնտեղ են ոչ միայն Թուրքիային ներգրավելու, այլեւ «մի քանի կարեւոր նյուանսների»՝ Շուշիի ու Հադրութի դիմաց։