Դերասան եւ բեմադրիչ Աշոտ Ադամյանի կարծիքով՝ մեր հասարակության մի ստվար զանգված այնքան անտեղյակ ու ոտաբոբիկ է իր երկրում կատարված եւ կատարվող սոցիալ-քաղաքական հարցերի վերաբերյալ, որ ի վիճակի չէ ընկալել ու հասկանալ իր տեղն ու դերը պետություն-քաղաքացի փոխպարտավորեցնող փոխհարաբերությունների շղթայում: Ըստ Ադամյանի՝ նման մարդիկ հակված են հավատալ ինչին ասես եւ ում ասես, անգամ միստիկաների:

Դերասանը ժամանակավորապես գտնվում է ԱՄՆ-ում, սակայն հետեւում է հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Վերջինիս հետ «Հայկական Ժամանակի» զրույցը՝ ստորեւ.

— Պարոն Ադամյան, ընդդիմադիր ուժերը, որոնք հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչներն են, գործողություններ են իրականացնում մայրաքաղաքում՝ իշխանության հեռացման պահանջով: Վերջիններս պնդում են, որ ոչ թե զուտ իշխանության գալու համար են պայքարում, այլ Հայաստանի, առավել եւս՝ Արցախի փրկության: Կարելի՞ է հավատալ այդ պնդումներին, թե՞ այնուամենայնիվ, Արցախի հարցը շահարկում են այլեւայլ նպատակներով:

— Ոչ։ Եվս անգամ քննել այդ «գործիչների» ինչ լինելը, չեմ պատրաստվում, որովհետեւ նրանց իշխանավարման փաստերը բավարար են, որ իրենք դատի առաջ կանգնեն, ոչ թե մարդկանց ուղեղները պղտորեն։

— Այսինքն՝ նրանց գործողությունների դրդապատճառը կրկին իշխանության գա՞լն է:

— Դրդապատճառը ներկայիս ոչ միայն ներհայաստանյան, նաեւ գեոպոլիտիկ անկայուն քաղաքական տրոհումների եւ վերափոխումների իրավիճակից բխող՝ հարմար կտոր փախցնելու մտադրությունն է։ Չմոռանանք, որ այն, ինչ գողացել են, համարում են, որ իրենցն է եւ վրդովված ու շատ անհանգիստ են, որ կարող են կորցնել։

— 2015 թվականին ասել էիք, որ «Հայաստանն այսօր, մեղմ ասած, շատ վատ վիճակում է… Երկիրն այնքան էլ մեծ չէ, որ թաքնվես ու հետո հեքիաթներ պատմես, թե ինչպես ես սարեր շուռ տվել ու հայրենասիրություն արել»: 2021-ին այն վերահրապարակել էիք. Ձեր կարծիքով՝ մեր հասարակությունը հավատո՞ւմ է սարեր շուռ տալու խոստումներով երեւան եկած եւ իշխանասիրությունը հայրենասիրության քողի տակ ներկայացնող անձանց:

— Միանշանակ, նույն կարծիքին եմ։ Ինչ վերաբերում է հասարակությանը, ցավոք, մի ստվար զանգված այնքան անտեղյակ ու ոտաբոբիկ է անկախություն հռչակելուց ի վեր իր երկրում կատարված եւ կատարվող սոցիալ-քաղաքական հարցերի վերաբերյալ, որ ի վիճակի չէ ընկալել ու հասկանալ իր տեղն ու դերը պետություն-քաղաքացի փոխպարտավորեցնող փոխհարաբերությունների շղթայում։ Նման մարդիկ հակված են հավատալ ինչին ասես եւ ում ասես, նույնիսկ միստիկ բաների, միայն թե մեջը քչից-շատից անձնական շահի էլեմենտ լինի։ Իսկ հայրենասիրության մասին, եթե այն ասելով է, ուրեմն բանի պետք չէ։

— Երեկ Ֆրանսիայի հրապարակի հարթակից հայտարարեցին, թե մշակութային գործիչների հետ քննարկում է լինելու: Այդ մշակութային գործիչների կողքին էին նաեւ դիմահարդարներ, սոցիալական ցանցերով հայտնի դարձած անձինք: Սա մտավորականի կերպարի արժեզրկում չէ՞:

— Ավաղ, պիտի ասեմ, որ մտավորական եզրույթը մեզանում վաղուց է լղոզվել ու այլակերպվել։ Եվ հենց դա է պատճառը, որ մտավորական անվանում են հումանիտար մասնագիտություն ստացած ցանկացած մեկին։ Եզրույթն է անվերադարձ աղավաղվել։ Եվ, որպես հետեւանք, երեսի վրա այդ անվանումով դաջվողների թիվը մեծ է, իսկ անվանումը՝ չկա։

— Ձեր դիտարկումներից մեկում նկատել եք, որ շատերս, մեր անձնական հոգսերով ու խնդիրներով տարված, հաճախ մոռանում ենք, թե որքան բարձր է կիրթ, արդարամիտ, տրամաբանող եւ հումորով մարդկանց արժեքը, իսկ երբ նեղն ենք ընկնում, սկսում ենք տենդայնորեն փնտրել ու, ավաղ, չենք գտնում, որովհետեւ ժամանակին աչքաթող ենք արել:

— Ինքներս մեզ լավ չենք ուսումնասիրում, ճանաչում ու արժեւորում։ Պետությունը, մոմը ձեռքին, մանկապարտեզից, դպրոցից, բուհից, ամեն տեղից պիտի փնտրի ու գտնի իր ժողովրդի արգանդի արժանավոր զավակներին ու օգտագործի ի շահ Հայրենիքի ներկայի եւ ապագայի։ Թե չէ, Հրանտ Մաթեւոսյանի ասածի նման, կմնանք «Գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն…»: