Ֆինլանդիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամության հայտ ներկայացնել, ըստ հարցումների՝ բնակչության 70 տոկոսից ավելին կողմ է դրան։ Հաջորդ շաբաթ այս հարցը քննարկելու է նաեւ Շվեդիան։ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ այս երկու երկրների անդամության հարցը կլուծվի շատ արագ, քանի որ բոլոր առումներով նրանք համապատասխանում են Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամության չափանիշներին։

Անդամության պարագային Ռուսաստանը «կստանա» 1700 կմ սահման ՆԱՏՕ-ի հետ։ Ավելին, Սկանդինավյան ողջ թերակղզին կդառնա ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտի, քանի որ նախկինում միայն Նորվեգիան էր անդամակցում Դաշինքին։

Մոսկվան սպառնացել է ռազմական եւ տեխնիկական միջոցներ ձեռնարկել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության պարագային, իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնյաներից մեկը սպառնացել է հարվածներով, եթե այդ երկրներում հայտնվեն ՆԱՏՕ-ի բազաներ։ Ռուսական սպառնալիքներն Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին արդեն ոչ ոք լուրջ չի ընդունում, ավելի ճիշտ՝ Արեւմուտքը հաղթահարել է վախվորածությունը, ինչը նկատելի է միջուկային եւ այլ սպառնալիքների հարցում կոշտ հակադարձումներից։ Իր հերթին, զգալի դեր են խաղացել ռուսական բանակի ու սպառազինության իրական ուժի եւ որակների բացահայտումներն Ուկրաինայում։

 

 

Ֆինլանդիան 1939-1940 թթ․ հարձակման ենթարկվեց ԽՍՀՄ-ի կողմից եւ ուժգին դիմադրություն ցույց տվեց։ Չնայած տարածքային կորուստներին ու Մոսկվայի պարտադրած «արտաբլոկային կարգավիճակին», Ֆինլանդիան պահպանեց իր պետականությունը։ Խորհրդային Միության բանակը տվեց գրեթե 150 հազար զոհ, եւ այդ ժամանակ բոլորին, այդ թվում Հիտլերին պարզ դարձավ, թե ինչ է իրենից իրականում ներկայացնում այդ բանակը։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շատերը համեմատում են խորհրդա-ֆիննական պատերազմի հետ․ այստեղ էլ ռուսական բլից-կրիգը չստացվեց, ուկրաինական բանակը հաջողությամբ դիմադրում է եւ մեծ կորուստներ պատճառում ռուսական բանակին։ Մոսկվայի նախնական պահանջներն էլ նույնն էին՝ ապառազմականացում եւ արտաբլոկային կարգավիճակ, միայն թե այս դեպքում դա չի իրականանա։ Ի տարբերություն Ֆինլանդիայի, որն այն ժամանակ Գերմանիայի դաշնակիցն էր եւ միայնակ էր կռվում ռուսների դեմ, Ուկրաինան վայելում է Արեւմուտքի ռազմական, ֆինանսական ու քաղաքական աջակցությունը։

Այսպիսով, ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալու կարգախոսով պատերազմ սանձազերծած Ռուսաստանը կստանա 1700 կմ սահման ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի դաշնակից Ուկրաինա, որի բանակն աստիճանաբար վերազինվում է ՆԱՏՕ-ի սպառազինությամբ, որին ռուսական կոնվենցիոնալ զենքը զիջում է, ըստ Պուտինի։

Ինչ վերաբերում է հարավային սահմաններին, այստեղ Պուտինն ինքը «հրավիրեց» ՆԱՏՕ-ին՝ ի դեմս Թուրքիայի, նրա հետ միասին իրականացնելով Հայաստանի դեմ ցեղասպան արշավը եւ հայկական պետականությունը ոչնչացնելու ծրագիրը։ Պուտինյան Ռուսաստանի համար հետհաշվարկն սկսեց Հայաստանի դեմ իրականացրած արշավից։