Պարոն Մանասյան, ԵՊԲՀ մասնագետները վերլուծել են մահերի վիճակագրությունը՝ արձանագրելով, որ մահացության դեպքերն աճում են Հայաստանում։ Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակում գրանցված մահացության դեպքերը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5 տոկոսով, իսկ 2018-2020 թվականների միջին ցուցանիշից բարձր են 20 տոկոսով։ Ինչո՞վ է պայմանավորված սա, արդյոք պատճառն այն է, որ կովիդի համավարակի պատճառով այլ հիվանդությունների բուժումը երկրորդական պլան է մղվել։

 

Պետք է հաշվի առնել այն, որ պետության կողմից պետպատվերի ֆինանսավորման սահմանափակման խնդիր կա վերջին մեկ տարում։ Եվ, բնականաբար, պետության կողմից ֆինանսավորման սահմանափակումը վնասելու է հենց խոցելի խմբին։ Իսկ ովքե՞ր  են պետպատվերից օգտվում՝ դիաբետով, սիրտ-անոթային հիվանդություններով անձինք՝ մեծ տարիքի։ Բնականաբար, այդ մարդիկ պետք է իրենց մաշկի վրա զգային այս իրավիճակը, և այս տարվա առաջին եռամսյակում արձանագարված խնդիրները նաև այս որոշման հետևանք են։

Երկրորդ, ճիշտն ասած, մի քանի տարիների միջև համեմատություն անցկացնելն այնքան էլ ճիշտ չէ, որովհետև այդ գրաֆիկները սովարաբար բնական տատանումներ են ունենում։ Ավելի ճիշտ կլինի 5, 10, 15 տարվա կտրվածքով նայել պրոցեսին, որ իրավիճակին օբյեկտիվ գնահատական տրվի։ Եթե վերցնում ու ընդամենը երեք տարիներն են իրար հետ համեմատում, այդտեղ ինձ համար ավելի շատ կանխակալություն է նկատվում։ Իսկ երբ կանխակալ ես սկսում ինչ-որ հետազտոություն անել, դա արդեն գիտություն չէ։ Այնպես որ, հետաքրքիր կլիներ 2010 թվականից այսկողմ արձանագրված մահացության վիճակագրության վերլուծությունը ներկայացնել, որպեսզի ավելի ամբողջական ու օբյեկտիվ պատկեր ստացվեր։

 

Երրորդ, հետկովիդային շրջանում մարդիկ ունենում են հեռակա բարդություններ ու հետևանքներ։ Այսինքն՝ եթե կովիդը հասակավոր և խրոնիկ հիվանդներին սուր վարակի շրջանում չի սպանում, ապա որոշ չափով հետևանքներ է թողնում իրենց շնչառական և սիրտ-անոթային համակարգերի վրա։ Այդ հետևանքներն ավելի ուշ ժամկետում են որպես բարդություն դրսևորվում, և դա իր հերթին կարող է այս և նախորդ տարվա համար լինել մահացության թվերի ավելացման պատճառ։

Ի՞նչ անելիք ունի առողջապահական համակարգը։

Առողջապահական համակարգի խնդիրը, ցավոք սրտի, մարդկանց առողջության ու կյանքի համար էֆեկտիվ պայքարը չէ, այլ գրքերից «զուբրիտ» արած իրենց վարչարարությունն է, տարբեր երկրներից կիսատ-պռատ հասկացված փորձը Հայաստանում մի ձև իրականացնելը և պրոցեսի իմիտացիա ստեղծելը։ Չնայած իրենք վատ չեն զգում, որ պրոցեսի իմիտացիա է, իրենք կարծում են, որ կարևորը ցույց տալն է, թե իբր գործ են արել։ Իրականում առողջապահական ֆինանսավորումը պետք է լինի որակի վերահսկողությամբ։ Բժշկական գիտելիքները պետք է լինեն լիցենզավորված, ինչը չի արվում։ Ոչ բժիշկներն են լիցենզավորվում գիտելիքների առումով, ոչ էլ հսկվում է ծառայությունների որակը։

 

Պետք է ներդրվի ապահովագրություն՝ նախ փոքր խմբային՝ ամենակարևոր ու ամենաբարդ հիվանդությունների հետ կապված։ Դրանք նախ և առաջ քաղցկեղն է, հետո շաքարային դիաբետը և սիրտանոթային խնդիրները։ Փուլ առ փուլ այդ հիվանդությունների համար պետք է ներդրվի պարտադիր բժշկական ապահովագրություն։ Եվ երբ այս համակարգը կաշխատի, իսկ վարչարարություն իրականացնողները սովորեն կառավարել այս հարցերը, կարող են ամբողջ հանրապետությունով մեկ այդ փորձն ընդհանրացել։ Սրա փոխարեն արդեն չորրորդ տարին է՝ մեր առողջապահության անպատասխանատուները իբրև թե համընդհանուր ինչ-որ ծրագիր են մշակում, նախապատրաստում, խմորում, և իբր թե մի օր դա պետք է իրականացնեն։ Մինչև հանրապետության ողջ առողջապահական համակարգի վրա ղեկավար նստելն իրենք անգամ մեկ պոլիկլինիկա չեն ղեկավարել։ Իսկ այսօր ամբողջ համակարգն է իրենց քմահաճույքի ներքո։ Թե ի՞նչ պետք է անել, ինձ թվում է, իմ այս մեկնաբանությունից հետո այդ հարցն արդեն հռետորական է։